Ֆրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը նշել է 2025 թվականի «Ոսկե գնդակի» գլխավոր ֆավորիտին։
Նրա խոսքով՝ ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմին ավելի կայուն է եղել ողջ մրցաշրջանի ընթացքում և պետք է հենց նա ստանա հեղինակավոր մրցանակը։
Մասնագետը վստահ է, որ 26-ամյա ֆուտբոլիստն ավելի է արժանի մրցանակին, քան նրա թիմակիցները՝ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն և պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։
«Եկեք մի փոքր թեժացնենք ինտրիգը։ Դեմբելեն, անկասկած, արժանի է մրցանակին, բայց նա արթնացավ միայն հունվարին՝ սկսած «Սիթիի» դեմ խաղից։ Իսկ Հակիմին կայուն մրցաշրջան անցկացրեց։ Եվ որպես պաշտպան՝ նա կարևոր գոլեր խփեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում, կիսաեզրափակիչում և եզրափակիչում։ Դա այն է, ինչ Դեմբելեն չարեց»,- Դոմենեկի խոսքերն է մեջբերում Daily Post-ը։
Հիշեցնենք, որ այս տարվա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում։ Մրցանակի ներկայիս դափնեկիրը «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին է։



























































