Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան կարիերան կշարունակի «Կոմո» ակումբում՝ վարձակալության հիմունքներով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
32-ամյա Մորատան, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Միլանին», 2025/26 մրցաշրջանն անցկացնելու է «Կոմոյում»։ Պայմանագիրը ներառում է գնման իրավունք։
«Ալվարոյին ճանաչում եմ երկար տարիներ և միշտ հիացել եմ նրա խաղով ու պահվածքով։ Նա խելացի հարձակվող է, որը խաղում է լիակատար նվիրվածությամբ կարևոր պահերին և ոգեշնչում է թիմակիցներին։ Ուրախ ենք նրան տեսնել «Կոմոյում»», — նշել է ակումբի գլխավոր մարզիչ Սեսկ Ֆաբրեգասը։
«Շատ ուրախ եմ միանալ «Կոմոյին»։ Անցյալ տարի նրանց դեմ խաղալիս գնահատեցի թիմի ներուժն ու հավակնոտ ծրագրերը։ Խոստանում եմ երկրպագուներին և ակումբին տալ իմ 200%-ը յուրաքանչյուր մարզման և խաղի ժամանակ։ Անհամբեր սպասում եմ «Կոմոյի» մարզաշապիկը հագնելուն», — ասել է Մորատան։
2025 թվականի փետրվարից Մորատան վարձակալությամբ հանդես էր գալիս «Գալաթասարայում»։ Վարձակալության ժամկետը պետք է ավարտվեր 2026-ի հունվարին, սակայն նա ժամանակից շուտ վերադարձավ «Միլան»՝ «Կոմո» տեղափոխվելու համար։ Թուրքական ակումբում նա մասնակցել է 16 խաղի, խփել 7 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ըստ Transfermarkt-ի՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է մոտ 11 միլիոն եվրո։




























































