«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ թիմի 29-ամյա «Ոսկե գնդակի» գործող դափնեկիր, կիսապաշտպան Ռոդրին չի կարողանա խաղադաշտ վերադառնալ մինչև սեպտեմբերի կեսերը:
2024-ի աշնանը Ռոդրին ծնկի խաչաձև կապանի պատռվածք էր ստացել և բաց էր թողել մրցաշրջանի մնացած հատվածը մինչև 2025-ի մայիսի վերջ: Ակումբային աշխարհի առաջնությունում նա մասնակցել էր չորս հանդիպման, սակայն 1/8 եզրափակիչում՝ «Ալ-Հիլալի» դեմ խաղում (3:4), կրկին լուրջ վնասվածք էր ստացել՝ այս անգամ աճուկի հատվածում:
«Ռոդրին արդեն վերականգնման փուլում էր, բայց «Ալ-Հիլալի» դեմ խաղում նա լուրջ վնասվածք ստացավ աճուկի հատվածում: Վերջին օրերին նա սկսել է ավելի լավ մարզվել, և հուսով եմ, որ սեպտեմբերին, ազգային հավաքականների խաղերից հետո, նա կլինի գերազանց մարզավիճակում: Մենք չենք ցանկանում, որ նա խաղա վնասվածքով: Նա պետք է ամբողջությամբ ապաքինվի»,- նշել է Գվարդիոլան Manchester Evening News-ին տված հարցազրույցում:
Գվարդիոլայի խոսքով՝ Ռոդրին չի մասնակցի «Սիթիի» նախամրցաշրջանային վերջին ընկերական խաղին՝ «Պալերմոյի» դեմ, ինչպես նաև ԱՊԼ-ի առաջին երեք հանդիպումներում («Վուլվերհեմփթոն», «Տոտենհեմ» և «Բրայթոն») կօգտագործվի միայն փոխարինման կարգով: Եթե վերականգնումն ընթանա պլանավորվածի պես, Ռոդրին հիմնական կազմում կհայտնվի սեպտեմբերի 14-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ մանչեսթերյան դերբիում:
Բացի Ռոդրիից, կազմից բացակայում են նաև Ֆիլ Ֆոդենն ու Յոշկո Գվարդիոլը՝ ֆիզիկական պատրաստվածության պակասի պատճառով, իսկ Մատեո Կովաչիչը շարունակում է վերականգնվել ծնկի վնասվածքից: Ջեք Գրիլիշը, Ջեյմս ՄաքԱթին և Ստեֆան Օրտեգան չեն մեկնել թիմի հետ Սիցիլիա, քանի որ համարվում են ավելորդ կազմի խաղացողներ:
Գվարդիոլան նախընտրում է աշխատել 22-23 խաղացողից բաղկացած կազմով, սակայն ներկայում նրա ցուցակում 31 ֆուտբոլիստ կա, չնայած Վիտոր Ռեյշը վարձակալությամբ տեղափոխվել է «Ժիրոնա»:
Գրիլիշը, որի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Էվերթոնը», հնարավոր է հեռանա, և, մարզչի խոսքով, այլ խաղացողներ նույնպես կարող են հետևել նրա օրինակին:
«Պետք է ավելի քիչ խաղացողներ ունենանք: Շատերը պետք է հեռանան: Վիտոր Ռեյշին «Ժիրոնա» ուղարկելու պատճառներից մեկը դա էր: Ես բարձր եմ գնահատում Վիտորին և վստահ եմ նրա ապագայի հանդեպ, բայց չեմ ցանկանում, որ նա ամեն շաբաթ խաղից դուրս մնա տանը»,- ասել է Գվարդիոլան:
Նա նաև ընդգծել է, որ այս ամռանը այլ նոր խաղացողներ չեն գնվի, քանի որ թիմն արդեն ձեռք է բերել Տիժանի Ռեյնդերսին, Մարկուս Բեթինելիին, Ռայան Շերկիին, Ջեյմս Տրաֆորդին և Ռայան Այթ-Նուրիին:
«Այլևս նոր խաղացողներ չենք գնի»,- եզրափակել է Գվարդիոլան:
«Մանչեսթեր Սիթին» նոր ԱՊԼ մրցաշրջանը կսկսի օգոստոսի 16-ին՝ արտագնա խաղում «Վուլվերհեմփթոնի» դեմ:

























































