«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ այլևս չի տպագրի ակումբի լեգենդար խաղացողների՝ Կրիշտիանու Ռոնալդուի, Դևիդ Բեքհեմի և Էրիկ Կանտոնայի անուններով մարզաշապիկներ:
Ակումբը հուլիսին ներկայացրել էր 2025/26 մրցաշրջանի մարզահագուստը: Ակումբի պաշտոնական խանութում երկրպագուն նկատել էր հայտարարություն. «Լիցենզավորման սահմանափակումների պատճառով մենք չենք կարող տպագրել Կանտոնայի, Բեքհեմի և Ռոնալդուի անուններով մարզաշապիկներ»:
Ակումբի ներկայացուցիչները The Sun-ի հետ զրույցում մեկնաբանել են իրավիճակը՝ հաստատելով, որ այդ ֆուտբոլիստները տիրապետում են իրենց անվան և պատկերային օգտագործման իրավունքներին: Սա նշանակում է, որ ակումբը չի կարող առանց հատուկ թույլտվության օգտագործել նրանց անունները:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» 2003–2009 և 2021–2022 թվականներին, Դևիդ Բեքհեմը՝ 1992–2003 թվականներին, իսկ Էրիկ Կանտոնան՝ 1992–1997 թվականներին:


























































