Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբը պաշտոնապես հայտնել է պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիքսի՝ լոնդոնյան «Չելսիից» տեղափոխության մասին: 25-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականը։
Տրանսֆերի հիմնական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո, սակայն բոնուսների հաշվին այն կարող է հասնել 50 միլիոն եվրոյի։ Ըստ Transfermarkt պորտալի՝ Ֆելիքսի շուկայական արժեքը 20 միլիոն եվրո է։
Ֆելիքսը «Չելսի» էր տեղափոխվել «Ատլետիկո Մադրիդից» 2024 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսը նա վարձավճարով անցկացրել է իտալական «Միլանում»՝ 21 խաղում խփելով 3 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։
«Ալ-Նասրում» հանդես է գալիս նաև Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն։


























































