Միլանի «Ինտերը» համագործակցության պայմանագիր է կնքել էլեկտրական մեքենաների արտադրող BYD ընկերության հետ։ Այս մասին ակումբը հայտարարել է իր պաշտոնական կայքում։ Չինական ընկերությունը էլեկտրական մեքենաների աշխարհի խոշորագույն արտադրողն է։
BYD-ն «Ինտերի» խաղացողներին, մարզչական անձնակազմին և ղեկավարությանը կտրամադրի հատուկ նախագծված էլեկտրական մեքենաներ։ Երեք տարվա համագործակցության ընթացքում նախատեսվում է մատակարարել ընդհանուր առմամբ 70 մեքենա։ Բացի այդ, չինական ընկերությունը կստեղծի էլեկտրական մեքենաների սահմանափակ խմբաքանակ՝ «ներաձուրիի» գույներով, որը նախատեսված կլինի ակումբի երկրպագուների համար։
Հարկ է նշել, որ 2024 թվականին BYD-ն արտադրել է ավելի քան 4 միլիոն մեքենա, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է իր մոտակա մրցակցին՝ ամերիկյան Tesla-ին։



























































