ՈւԵՖԱ-ն 10 տարով եվրոպական մրցաշարերից հեռացրել է Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» ակումբին պայմանավորված խաղերի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ըստ աղբյուրի՝ խախտումները տեղի են ունեցել 2023/24 մրցաշրջանի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, որտեղ «Արսենալը» մրցել էր «Ալաշկերտի» հետ: Հայաստանում կայացած առաջին խաղն ավարտվել է 1:1 հաշվով ոչ-ոքի, իսկ Չեռնոգորիայում կայացած պատասխան հանդիպման ժամանակ «Արսենալը» պարտվել է 1:6 հաշվով՝ ավելացված ժամանակում բաց թողնելով երկու գոլ:
ՈւԵՖԱ-ն չի ներկայացրել խաղերի արժանահավատության խախտման մանրամասները կամ հնարավոր խաղադրույքային գործարքների մասին տեղեկություններ:
Արդյունքում՝ «Արսենալ Տիվատը» մինչև 2034/35 մրցաշրջանի ավարտը հեռացվել է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից և տուգանվել 500,000 եվրոյով:
Բացի այդ, ակումբի սպորտային տնօրեն Ռանկո Կրգովիչը և ֆուտբոլիստ Նիկոլա Չելեբիչը մշտապես հեռացվել են ֆուտբոլից, իսկ մի շարք այլ խաղացողներ ստացել են 10-ամյա որակազրկում:
ՈւԵՖԱ-ն պատժամիջոցներ է կիրառել Սերբիայի «Ռադնիչկի Օբրենովաց» ակումբի երկու պաշտոնյաների նկատմամբ. Միլան Վիգնյևիչը որակազրկվել է 10 տարով, իսկ Գորան Յանյուշևիչը՝ 6 տարով: Եվս մեկ անձ՝ Քրիստոս Փսոմիադիսը, ստացել է 8-ամյա որակազրկում:
ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ կդիմի ՖԻՖԱ-ին՝ այս որակազրկումները համաշխարհային մակարդակով կիրառելու համար:




























































