Նիգերիացի հարձակվող Տենտոն Յեննեն ավարտում է իր փայլուն կարիերան Հայաստանի Պրեմիեր Լիգայի առաջատար ակումբներից մեկում՝ «Արարատ-Արմենիայում»։ Ֆուտբոլիստը սկսում է կարիերայի նոր փուլ՝ միանալով Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Բալտիկային»։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև 2028 թվականի հունիսի 5-ը։
Տենտոն Յեննեն Եվրոպա էր տեղափոխվել 2018 թվականին՝ համալրելով սլովակյան «Տրենչին» ակումբը։ Այնուհետև նա հանդես է եկել Սլովակիայի «Սենիցա» և «Ժիլինա» թիմերում։ 2022 թվականի ձմռանը Յեննեն ժամանել է Հայաստան՝ միանալով «Նորավանքին», իսկ կարճ ժամանակ անց տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»։
Երեք մրցաշրջանների ընթացքում նա դարձել է Երևանի ակումբի գլխավոր ռմբարկուն՝ անցկացնելով 113 հանդիպում, խփելով 46 գոլ և կատարելով 24 գոլային փոխանցում։ Յեննեն ոչ միայն «Արարատ-Արմենիայի» պատմության լավագույն գոլահարն է, այլև ընթացիկ առաջնությունում լավագույն հարձակվողներից մեկը՝ 16 գոլով ընդգրկվելով լավագույն եռյակում։
«Արարատ-Արմենիան» հատուկ շնորհակալություն է հայտնել Տենտոնին՝ նրա նվիրումի, էներգիայի և ֆուտբոլի հանդեպ սիրո համար՝ ընդգծելով, որ նա դարձել է ակումբի իսկական լեգենդ։ «Մենք անչափ երախտապարտ ենք մեր խաղաշապիկով անցկացրած յուրաքանչյուր րոպեի համար։ Հաջողություն նոր փուլում, չեմպիոն», – նշված է ակումբի պաշտոնական հայտարարությունում։
Ռուսական «Բալտիկան» նույնպես պաշտոնապես ողջունել է իր նոր խաղացողին՝ մաղթելով հաջողություններ և գոլային արդյունավետություն։
Посмотреть эту публикацию в Instagram




























































