ԱՊԼ-ում հանդես եկող «Նյուքասլ Յունայթեդի» սեփականատերն առաջիկայում կփոխվի: Ձեռնարկատեր Մայք Էշլին, որն ակումբը գլխավորում է 2007 թ-ից ու սիրված չէ ակումբի երկրպագուների կողմից, համաձայնել է 300 մլն ֆունտով «Նյուքասլը» վաճառել Սաուդյան Արաբիայի ներդրումների հիմնադրամին, որն իր հերթին վերահսկում է արքայազն Մուհամեդ բեն Սալմանը: Նախկինում, Մուհամեդ բեն Սալմանը ցանկացել է գնել «Մանչեսթեր Յունայթեդը»՝ առաջարկելով 4 մլրդ ֆունտ, սակայն Գլեյզերների ընտանիքի հետ համաձայնության գալ չի հաջողվել: Հաղորդվում է, որ արքայազնը նպատակ ունի թիմը 0-ից կառուցել:
Եթե գործարքը կայանա, ԱՊԼ-ում ևս մեկ թիմ կավելանա, որի սեփականատերը տեղացի չէ: Այս պահին 20 թիմերից 14-ի սեփականատերերն օտարերկրացի են: Ըստ BBC-ի, իրավաբանական պարտավորվածության փաստաթղթերը ստորագրված են: Ավելին, գնորդն արդեն փոխանցել է գումարի 5 տոկոսը, մնացել են ֆորմալ հարցերի կարգավորումները, այդ թվում՝ ԱՊԼ-ի թույլտվությունը:
Պետք է նշել, որ գործարքի մի կողմում Մայք Էշլին է, իսկ մյուս կողմում՝ Ամանդա Սթեյվլին, որը պաշտպանում է հիմնադրամի շահերը:
Բաժնետոմսերի 80 տոկոսը կպատկանի Մուհամեդ բեն Սալմանին, 20 տոկոսը կանցնի Capital Partners կազմակերպությանը:
Ի դեպ, ֆինանսիստ Սթեյլին 2008 թ-ին մեծ դեր է ունեցել արաբ շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի կողմից «Մանչեսթեր Սիթին» գնելու գործընթացում: Կա տեղեկություն, որ Մուհամեդ բեն Սալմանը վաղուց է հետաքրքվում ֆուտբոլային ակումբ գնելով, բայց ոչ ակտիվ:
«Նյուքասլի» երկրպագուների համար, որոնք չեն սիրում ակումբի դեռ ներկայիս սեփականատիրոջը, և չեն կարողանում ներել նրան այն բանի համար, որ 2008 թ-ին հեռացրել էր անվանի գլխավոր մարզիչ Քևին Կիգանին, սեփականատիրոջ փոփոխությունը հրաշալի նորություն է: Դժվար թե Սաուդյան Արաբիայի թագաժառանգը համակերպվի այն մտքի հետ, որ իր թիմը միջին հորիզոնականներ է զբաղեցնում: Ուրեմն, կարելի է պատկերացնել, որ գործարքի ավարտից հետո ԱՊԼ-ում ևս մեկ զորեղ ակումբ կհայտնվի: