Մադրիդի «Ռեալին» մեկ քայլ է բաժանում Լա Լիգայի պատմության մեջ 5000 միավոր հավաքելուց։ Այս մասին հաղորդում է իսպանական Marca պարբերականը։
Աղբյուրի տեղեկացմամբ, այս պահին «սերուցքայինների» ակտիվում 4999 միավոր կա՝ իսպանական բարձրագույն դիվիզիոնում ունեցած բոլոր ելույթների համար։
Իսպանիայի առաջնություններում միավորներով երկրորդ տեղում է «Բարսելոնան», որը հավաքել է 4887 միավոր։ Երրորդ հորիզոնականում Մադրիդի «Ատլետիկոն» է՝ 4018 միավորով։
Հաջորդ խաղում Կառլո Անչելոտիի թիմը կհանդիպի «Վալենսիայի» հետ՝ Լա Լիգայի 12-րդ տուրի հետաձգված խաղում։ Ներկա մրցաշրջանում «արքայական ակումբը» 18 խաղից հետո ունի 40 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում։
























































