Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Իսպանիայի մայրաքաղաքում հանդիպել է կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի հետ։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը քննարկել են Kings League մեդիա ֆուտբոլային լիգայի հետ կապված հարցեր։ Այն գլխավորում է Պիկեն։ Վինիսիուսը Ժերարի հետ քննարկել է Բրազիլիայում առաջնության հնարավոր մեկնարկը: Բրազիլիայի Kings League-ի նախագահի պաշտոնը կզբաղեցնի լեգենդար Կական, իսկ սեփականատերը կդառնա Նեյմարը։
Նշենք, որ Kings League-ը նորարարական ֆուտբոլային մրցաշար է, որը ստեղծել է Ժերար Պիկեն՝ Ibai Llanos-ի աջակցությամբ: Այն 7×7 ֆուտբոլի ձևաչափ է, որն առաջարկում է ավանդական ֆուտբոլից տարբերվող կանոններ՝ խաղը դարձնելով ավելի արագ ու ժամանցային: