«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, որ այլևս չի պլանավորում աշխատել այլ ակումբներում։ 53-ամյա մասնագետի խոսքերով՝ նա բավարար ուժ չի ունենա նոր նախագծի համար։
Նոյեմբերի 21-ին «Մանչեսթեր Սիթին» հայտարարեց Գվարդիոլայի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Պայմանագիրը երկարաձգվել է ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի ամառ։
«Ես այլ թիմ չեմ պատրաստվում ղեկավարել։ Չեմ խոսում երկարաժամկետ ապագայի մասին, բայց այս պահին այն, ինչ չեմ պատրաստվում անել, դա «Մանչեսթեր Սիթիից» հեռանալն ու մեկ այլ երկիր գնալն է։ Ես բավարար ուժ չէի ունենա… Մտածել այն մասին, որ մի ուրիշ տեղից նորից սկսեմ մարզչական ողջ գործընթացը և այլն… Ոչ, ոչ, ոչ: Գուցե ազգային հավաքականում, բայց դա այլ է», — Գվարդիոլային մեջբերում է լրագրող Դանի Գարսիան։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է 2016 թվականի հուլիսից։ Թիմի հետ նա վեց անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, չորս անգամ նվաճել Անգլիական լիգայի գավաթը, երեք անգամ՝ Սուպերգավաթը և երկու անգամ՝ երկրի գավաթը։ Բացի այդ, իսպանացին թիմի հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի տիտղոսը, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և դարձել ակումբային աշխարհի առաջնության հաղթող։