Կապանի «Գանձասարի» 28-ամյա ֆուտբոլիստ Օրբելի Համբարձումյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում և տեղեկացրել, որ հեռանում է թիմից:
«Սիրելի կապանցիներ, ցավով ուզում եմ տեղեկացնել բոլորիդ, որ այլևս ակումբի հետ ոչ մի առնչություն չունեմ…
Ակումբի վերածնման առաջին իսկ պահից եղել եմ թիմում, եղել են շատ ծանր և դժվար ժամանակներ, որոնց հաջորդել են հաղթանակները և վերջակետը դրվել է չեմպիոնությամբ։ Հպարտ եմ, որ չեմպիոն թիմի ավագի թևկապը ինձ է վստահված եղել, և կարծում եմ՝ կարողացել եմ որպես ավագ հասցնել մեր առջև դրված նպատակին։

Շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ում հետ բախտ եմ ունեցել աշխատելու այս երեք և կես տարիների ընթացքում։ Ցավում եմ, որ «Գանձասարը» արժանացավ նման անհասկանալի ճակատագրի, որտեղ ֆուտբոլ հասկացողությունը գտնվում է ամենավերջին տեղում, և ցավոք ապագան էլ ավելի մշուշոտ է:
Ինչևիցե ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կապան քաղաքին հյուրընկալ վերաբերմունքի համար։ Շատ եմ սիրել Կապանը և կապանցուն ու միայն լավն են հիշողություններս կապված Սյունյաց աշխարհի հետ 🙂 » ,- գրել է Հայաստանի Մ21 հավաքականի նախկին ֆուտբոլիստը:
Նշենք՝ «Գանձասարը» ՀՊԼ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 14 խաղերից հետո ընդամենը 2 միավոր է վաստակել և եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 14 խաղում թիմը բաց է թողել 39 գնդակ, խփել՝ 5 գոլ:




























































