Մրցավար Սերգեյ Կարասյովը ճիշտ որոշում է կայացրել՝ չեղարկելով «Կրասնոդարի» հարձակվող Օլակունլե Օլուսեգունի գոլը՝ «Ռուբինի» դարպասին, որը տեղի էր ունեցել «ցուլերի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի խախտման արդյունքում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում առաջին հորիզոնականում ընթացող «Կրասնոդարը» ոչ-ոքի էր խաղացել «Ռուբինի» հետ (1:1):
Հանդիպման գլխավոր մրցավար Կարասյովը VAR-ի օգնությամբ չեղարկել էր Օլուսեգունի գոլը՝ Սպերցյանի խախտման պատճառով։
«Մրցավարական փորձագիտական հանձնաժողովն իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ Սպերցյանը «Կրասնոդարի» հարձակման փուլում մենամարտի մեջ է մտել Վույաչիչի հետ՝ վտանգավոր կերպով կատարելով սահընկում մեծ արագությամբ՝ ուղղված մրցակցի ոտքերին։ Այդ ընթացքում նա բաց խաղակոշիկով բարձրացված ոտքով միջին ինտենսիվության հարված է հասցրել պաշտպանողի սրունքին՝ առանց նրա անվտանգությունը հաշվի առնելու։
Հանձնաժողովի բոլոր անդամների կարծիքով՝ «Կրասնոդարի» ֆուտբոլիստի գործողությունները որակվում են որպես վտանգավոր հարձակում, ինչի արդյունքում հանձնաժողովը միաձայն աջակցում է VAR-ի միջոցով կատարված որոշմանը»,- նշված է Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքում։

























































