Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ, 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն:
Մեր ըմբիշը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ գոտեմարտել է Ուկրաինան ներկայացնող Օլեքսանդր Խոտսյանիվսկիի հետ ու 3-2 հաշվով ցավալի պարտություն կրել վերջին վայրկյաններին:
Եթե Խոտսյանիվսկին հասնի մինչև եզրափակիչ, Բերիանիձեն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու և բրոնզե մեդալի համար պայքարելու հույսեր կարող է ունենալ:
Այսօր Հայաստանը ևս մեկ ներկայացուցիչ կունենա ԱԱ-ում: 74 կգ քաշային Վարուժան Կաջոյանը քիչ անց պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Լատվիան ներկայացնող Անդրիուս Մազեիկան։
Հիշեցնենք՝ 74 և 125 կգ քաշային կարգերն օլիմպիական են, ուստի 1-6-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները կնվաճեն Տոկիո-2020-ի ուղեգիր։