Ռուսաստանի հավաքականի կազմում խմբային վարժություններում ռիթմիկ մարմնամարզության աշխարհի 2014 թվականի չեմպիոն Ալեքսանդրա Սեմենովան հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է 26-ամյա մարզուհու մայրն ու մարզիչը՝ Վիկտորյա Թեքելը։
26-ամյա Սեմենովան վերջին անգամ միջազգային մրցաշարերի մասնակցել է 2015 թվականին, որից հետո դադարել է հանդես գալ Ռուսաստանի հավաքականի կազմում և մասնակցել է միայն ներքին մրցաշարերի։
Սեմենովան Հայաստանի դրոշի ներքո արդեն հայտավորվել է դեկտեմբերի 13-15-ը Երևանում կայանալիք Բարեկամության գավաթի մրցաշարին։
«Ալեքսանդրան պատրաստվում է պայքարել Հայաստանի համար, նա արդեն բավականին տարեց մարզուհի է, և, իհարկե, շատ է ցանկանում կրկին մասնակցել միջազգային մրցումների»,- ասել է Թեքելը։
Ըստ Թեքելի՝ իր դուստրը նաև մտադիր է շարունակել մրցել ՌԴ ներքին առաջնություններում և իր անվան մրցաշարեր անցկացնել Վելիկի Նովգորոդում։
«Հայաստանի դրոշի ներքո ելույթ ունենալը ոչ մի կերպ չի խանգարի դրան և չի ազդի նրա գործունեության վրա՝ մեր երկրում ռիթմիկ մարմնամարզությունը մասսայականացնելու ուղղությամբ»,- եզրափակել է Թեքելը:
Սեմենովան 2014 թվականին երեք գնդակով և երկու ժապավենով խմբային վարժություններում դարձել է աշխարհի չեմպիոն։ Նույն թվականին նա նվաճել է երկու ոսկի և մեկ արծաթ Եվրոպայի առաջնությունում։ 2018-ից 2020 թվականներին մարզուհին որակազրկվել է դոպինգի պատճառով։ Վերջին տարիներին Սեմենովան հանդես է գալիս անհատական վարժություններով։
Հայաստանի դրոշի ներքո երևանյան մրցաշարին հայտավորվել է նաև Սանկտ-Պետերբուրգից Էլվիրա Կրասնոբաևան։ Նախկինում 16-ամյա մարմնամարզուհին պայքարում էր Բուլղարիայի համար և 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում նվաճել էր ոսկե (թիմային) և բրոնզե (ժապավեն) մեդալներ: