Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան» ցավակցություն են հայտնել Վալենսիայում տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։
Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Վալենսիա նահանգում հորդառատ անձրևները համատարած ջրհեղեղի պատճառ են դարձել։ Մահացել է առնվազն 64 մարդ։ Վալենսիայի որոշ շրջաններ հեղեղված ճանապարհների պատճառով քանդվել են, եղել են էլեկտրաէներգիայի և կապի ընդհատումներ, ավերվել են կամուրջներ։
«Վալենսիայի» և «Լևանտեի» գավաթային հանդիպումները, որոնք պետք է կայանային այս շաբաթ, հետաձգվել են։ «Վալենսիան» նաև խնդրել է հետաձգել «Ռեալի» հետ հանդիպումը Լա Լիգայում, Մադրիդյան ակումբը դեմ չէ։
«Վալենսիան» իր ամենաանկեղծ ցավակցությունն է հայտնում «Դանա» փոթորկի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Ուժ բոլորին՝ և՛ տուժած բնակչությանը, և՛ նրանց, ովքեր աշխատում են բնական աղետի հետևանքների վերացման ուղղությամբ։ Ակումբը պատրաստ է ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել իշխանություններին»,- ասված է «Վալենսիայի» հաղորդագրությում: Ակումբը «Մեստալյա» մարզադաշտում բացել է սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների հավաքման կետ:
«Մեր և ողջ եվրոպական ֆուտբոլային հանրության մտքերը հարավ-արևելյան Իսպանիայի բնակիչների և բոլոր նրանց հետ են, ովքեր տուժել են այդ տարածքում ավերիչ ջրհեղեղից», — ասել է ՈւԵՖԱ-ն:
«Մադրիդի «Ռեալը», ակումբի նախագահը և տնօրենների խորհուրդը ցանկանում են իրենց ցավակցությունները հայտնել մեր երկրի շատ շրջանների, հատկապես Վալենսիա և Ալբասետե նահանգներում փոթորկի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ Մենք խորապես վշտացած ենք և մեր աջակցությունն ենք հայտնում այս աղետից տուժած բոլոր մարդկանց»,- ասված է Մադրիդի «Ռեալի» հայտարարությունում։
«Բարսելոնան» իր ցավակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին և աջակցությունը հայտնում հորդառատ անձրևներից տուժած Վալենսիայի, ինչպես նաև Ալբասետեի և Անդալուսիայի շրջաններին»,- ասված է «Բարսելոնայի» հայտարարության մեջ։
Գրառումներ են կատարել նաև իսպանական ակումբները, բազմաթիվ ֆուտբոլիստներ և մարզիչներ։
























































