«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան Instagram-ի ուղիղ եթերում «Match TV»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիի հետ խոսել է այն մասին, թե որ եվրոպական ակումբում ինքը կցանկանար խաղալ:
«Ո՞ր եվրոպական ակումբում կցանկանայի խաղալ: Ես մանկուց եղել եմ «Ռեալի» երկրպագու: Եթե երազենք և պատկերացնենք, ապա միայն «Ռեալ»։ Ես սիրում էի «Ռեալը» Բեքհեմի, Զիդանի, Ռաուլի, Ռոբերտո Կառլոսի, Ֆիգուի, Գուտիի և այլոց ժամանակներում», — ասել է Ձյուբան:
Իր կարիերայում 31-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է Մոսկվայի «Սպարտակի», «Ռոստովի», «Տոմի» և Տուլայի «Արսենալի» գույները: Ակումբային մակարդակում հարձակվողն անցկացրել է 419 հանդիպում, խփել 145 գոլ և կատարել 84 գոլային փոխանցում: Ձյուբայի հաշվին Ռուսաստանի հավաքականի անցկացրած 42 հանդիպումներում կա 24 գոլ և 13 գոլային փոխանցում։