«Սևիլիայի» և «Մոնակոյի» նախկին հարձակվող Վիսամա Բեն Յեդերը դատարանում խոստովանել է, որ խնդիրներ ունի ալկոհոլի չարաշահման հետ։
Նախօրեին դատախազը Բեն Յեդերի համար պահանջել էր 2,5 տարվա ազատազրկում (այդ թվում՝ 18 ամիս պայմանական)՝ հարբած վիճակում սեռական ոտնձգությունների գործով։ Սեպտեմբերի սկզբին Բեն Յեդերն, ըստ բողոքների, իր մեքենայում ոտնձգություն է իրականացրել 23-ամյա աղջկա հանդեպ, իսկ ավելի ուշ նրան բերման են ենթարկել ոչ սթափ վիճակում մեքենան վարելիս:
«Բարդ ժամանակներ են: Ես խնդիրներ ունեի գործակալների, կնոջս հետ: Երեք-չորս օր անդադար խմում էի և աստիճանաբար ավելի հաճախ էի դա անում: Իմ խնդիրները սկսվել են երկու տարի առաջ, և դեռ կան։ Նախկինում էլ էի խմում, բայց փոքր չափաբաժիններով ու ժամանակ առ ժամանակ։ Ես ինձ ավելի լավ էի զգում և մտածում էի, որ դա կօգնի ինձ մոռանալ ճնշումների մասին: Ես ընտանեկան պարտավորություններ ունեմ, դժվար էր դա տանել»,- Բեն Յեդերի խոսքերն է մեջբերում RMC-ն։
Բեն Յեդերի արյան մեջ ալկոհոլի մակարդակը 0,76 մգ էր մեկ լիտր շնչառության համար (Ֆրանսիայում սահմանը 0,25 մգ է):