Սպորտի աշխարհում առկա ճգնաժամը ի հայտ է բերում խնդիրներ, որոնք նախկինում եղել են ստվերում կամ պարզապես շրջանցվել են:
Արդյոք, մրցաշարերը շատ չե՞ն, կամ ակումբները և հավաքականները գերծանրաբեռնված չե՞ն տեղական ու միջազգային խաղացանկով: Օրեր առաջ իր 50-ամյակը նշող ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն իտալական Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ հնարավոր է՝ պետք է առհասարակ վերանայել համաշխարհային ֆուտբոլային օրակարգը և հետ քայլ կատարել:
«Գլոբալ լուծումներ են հարկավոր: Հնարավոր է՝ պետք է գտնել լուծում, երբ խաղերը ավելի քիչ կլինեն, որի հետևանքով մրցաշարերն ու առաջնությունները կդառնան ավելի դիտարժան ու մրցունակ»,- ընդգծել է Ինֆանտինոն:
Նշենք, որ այս կարծիքը հատկապես դեմ է այն ծրագրերին, որոնք ունեցել է ինքը՝ ՖԻՖԱ-ն. մասնավորապես 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ունենալ մասնակից 48 հավաքական, ստեղծել նաև ակումբային աշխարհի առաջնություն, որին կմասնակցի մինչև 26 ակումբ: