MLS-ի խաղում «Ինտեր Մայամին» սեփական հարկի տակ ընդունել է «Քոլամբուս Քրյուին» և 2։1 հաշվով հաղթանակ տարել։
10-րդ րոպեին տանտերերի ճամայկացի պաշտպան Յան Ֆրեյը բացել է խաղի հաշիվը։ Տասը րոպե անց էկվադորցի հարձակվող Լեոնարդո Կամպանան կրկնապատկել է «Ինտեր Մայամիի» առավելությունը: Դեռ ընդմիջումից առաջ «Քոլամբուս Քրյուի» կազմում մեկ գնդակ հետ է բերել Կուչո Էրնանդեսը։
Այս հանդիպմանը չեն մասնակցել հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, որոնք իրենց թիմերի հետ մեկնել էին Ամերիկայի գավաթի խաղարկության։ Պաշտպան Ժորդի Ալբան ու կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը խաղադաշտում անցկացրել են ամբողջ 90 րոպե, սակայն արդյունավետ չեն եղել։
Նշենք, որ «Ինտեր Մայամին» ընդհատել է «Քոլամբուս Քրյուի»՝ չորս հանդիպումներից բաղկացած անպարտելի շարքը:
Հաջորդ տուրում «Ինտեր Մայամին» կխաղա «Նեշվիլի» հետ, իսկ «Քոլամբուս Քրյուն» ՝ «Սպորտինգ Կանզաս Սիթիի» հետ։ «Ինտեր Մայամին» 41 միավորով գլխավորում է MLS-ի մրցաշարային աղյուսակը: «Քոլամբուսը» 27 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի 10-րդ տեղում:
























































