ՈՒԵՖԱ-ի ղեկավար Ալեքսանդր Չեֆերինը Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին անվանել է «ապուշ և ռասիստ»՝ Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին ղեկավար Լուիս Ռուբիալեսի հետ անձնական նամակագրության մեջ, որը հասանելի է դարձել The Objective-ին։
Աղբյուրի համաձայն՝ Չեֆերինն այս բովանդակությամբ հաղորդագրություն է ուղարկել Ռուբիալեսին 2019 թվականին, երբ Պերեսը հանդես էր գալիս եվրոպական Սուպերլիգայի ստեղծման օգտին։ Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի ղեկավարը հրապարակավ արձագանքել էր այս նախաձեռնությանը՝ ասելով, որ նման նախագիծը բացասաբար կանդրադառնա եվրոպական ֆուտբոլի վրա։ Այնուհետեւ նա նշված հաղորդագրությունն ուղարկել է Ռուբիալեսին։
Այս խոսքերից մի քանի ժամ անց Ռուբիալեսը գրել է Չեֆերինին, որ իսպանական ԶԼՄ-ները նրան դժվար դրության մեջ են դնում, քանի որ ցանկանում են, որ նա հստակ դիրքորոշում ընդունի Սուպերլիգայի հարցում և արտահայտի իր վերաբերմունքը Պերեսի նկատմամբ։ Մասնավորապես, Ռուբիալեսը Չեֆերինին գրել է. «Մենք կշարունակենք ուժեղ մնալ: Ինձ համար դժվար է, բայց պետք է անել դա»: