ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում շնորհակալություն է հայտնել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիային շարունակական և արդյունավետ համագործակցության համար ու վստահություն է հայտնել, որ հայկական կողմից բոլոր ջանքերը կգործադրվեն, որպեսզի աշխարհի 2027 թվականի առաջնությունը կազմակերպվի բարձր մակարդակով:
Նախարարն ընդգծել է՝ բարձր պատասխանատվություն ու հանձնառություն է՝ պատշաճ մակարդակով կազմակերպել ու անցկացնել առաջնությունը, որը վարկանիշային է լինելու 2028 թվականի Օլիմպիական խաղերի համար:
«Եվրոպայի առաջնության կազմակերպումից հետո ինքներս մեզ համար բավականին բարձր նշաձող ենք սահմանել. այժմ մեր առջև խնդիր ունենք՝ պահել այդ նշաձողն ու փորձել ավելի բարձրացնել: Դրա համար պետք է մեծ աշխատանք տանել, որը պատրաստ ենք իրականացնել Կառավարության և մնացած բոլոր գործընկերներ կառույցների հետ: Ուզում եմ հիշեցնել, որ սպորտի հանդեպ պետության քաղաքականությունն ու ուշադրությունը շարունակական են», — նշել է նախարարը՝ ավելացնելով, որ 2018 թվականի համեմատ ավելի քան 5 անգամ ավելացել է սպորտի ֆինանսավորումը, նախորդ տարի 5 խոշոր մրցաշար է հյուրընկալվել մեր երկրում, իսկ մարզիկները նվաճել են ռեկորդային թվով՝ 445 մեդալ:
«Սա ցույց է տալիս, որ սպորտը մեր երկրում շարունակաբար զարգանում է, և այն ջանքերը, որ ներդնում ենք նաև միջազգային մրցաշարի հյուրընկալման և կազմակերպման առումով, թույլ են տալիս, որ մեր երկիրն իր կայուն տեղը գրավի միջազգային սպորտային քարտեզում», — հավելել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը կարևորել է, որ 2027 թվականին ևս մեկ խոշոր սպորտային իրադարձություն կհյուրընկալվի Հայաստանում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները պետք է ավելի մեծ ծավալով իրականացվեն:
Նախարարը մատնանշել է այն կարևոր փաստը, որ նման միջոցառումներից հետո երեխաների շրջանում ավելանում է սպորտով զբաղվելու հետաքրքրությունը. «Ամեն անգամ, երբ մեզ մոտ միջազգային խոշոր մրցաշար է անցկացվում, իսկ մեր մարզիկները հաջողություններ են գրանցում, մարզադպրոցներում ավելանում են սպորտով զբաղվող երեխաները: Սա այն կարևոր արդյունքն է, որին ուզում ենք հասնել»:
Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև կազմակերպչական հարցերում տարբեր գերատեսչությունների միջև համագործակցությանը. «Յուրաքանչյուր կառույց հստակ գիտի իր անելիքը և նման խոշոր միջոցառումների ժամանակ անհրաժեշտ աշխատանքի բոլոր մանրամասները: Միջազգային խոշոր մրցաշարերի կազմակերպման ժամանակ մանրուքներ չկան: Մեզ մոտ միջգերատեսչական համագործակցությունն ու յուրաքանչյուրի կողմից իր անելիքների իրականացումն այն մակարդակի են, որ մենք մեծ վստահությամբ հայտեր ենք ներկայացնում նոր մրցաշարեր հյուրընկալելու համար»: