«Պորտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունն իր պաշտոնական կայքում հայտնել է գլխավոր մարզիչ Սերժիու Կոնսեյսաուի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Պորտուգալացի մասնագետի նոր պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառ:
Կոնսեյսաուն «Պորտուն» գլխավորում է 2017 թվականի ամառվանից։ Այդ ժամանակից ի վեր 49-ամյա մասնագետի գլխավորությամբ թիմը մասնակցել է 372 հանդիպման՝ հաղթելով 268 խաղում, 49 անգամ ոչ-ոքի խաղացել և 55 խաղում պարտվել։ Սերժիուն «Պորտուի» հետ երեք անգամ հաղթել է Պորտուգալիայի առաջնությունը, Պորտուգալիայի գավաթը և Պորտուգալիայի Սուպերգավաթը, մեկ անգամ նվաճել է նաև Պորտուգալիայի լիգայի գավաթը։ «Պորտու» ժամանելուց ի վեր Կոնսեյսաուն դարձել է ակումբի պատմության մեջ ամենաշքանշանակիր մարզիչը և «վիշապների» ղեկին ամենաշատ հաղթանակներ գրանցած մարզիչը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին պորտուգալացի մասնագետի նկատմամբ կատալոնական «Բարսելոնայի» հետաքրքրության մասին։