«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռոդրին ներողություն է խնդրել «Վալենսիայի» ավագ Խոսե Գայայից՝ Լա լիգայի 4-րդ տուրի խաղի ժամանակ հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար: Այդ հանդիպումն ավարտվել էր կատալոնական ակումբի՝ 5-0 հաշվով արտագնա ջախջախիչ հաղթանակով։
Ինչպես հաղորդում է իսպանական Marca պարբերականը, կատալոնացիների նորեկը 62-րդ րոպեին պաշտպան Պաու Կուբարսիի հետ փոխարինվելուց հետո քննարկել էր հանդիպումը՝ նշելով, որ մրցակիցը շատ թույլ է, իսկ նրանց խաղը՝ պարզապես սարսափելի։ Տեսախցիկների ֆիքսած այդ կադրերը արագորեն տարածվել էին մամուլում։
Հասկանալով իրավիճակի լրջությունը՝ Ռոդրին անձամբ զանգահարել է Գայային և պարզաբանել, որ իր խոսքերն ասվել են մասնավոր, անմիջական միջավայրում և նպատակ չեն ունեցել անհարգալից վերաբերմունք դրսևորելու կամ հրապարակայնորեն կասկածի տակ դնելու «Վալենսիայի» ֆուտբոլիստների որակները։ Իսպանացի կիսապաշտպանը Գայային խնդրել է իր ներողությունը փոխանցել մյուս թիմակիցներին՝ տարածված տեսանյութի պատճառով հնարավոր թյուրիմացություններից և վիրավորանքներից խուսափելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Վալենսիայի» ավագն ընկերական զրույցի ընթացքում ընդունել է Ռոդրիի ներողությունը՝ հարթելով միջադեպը։
Հավելենք, որ Լա լիգայի մեկնարկային 4 տուրերից հետո «Բարսելոնան» վաստակել է առավելագույն 12 միավոր և միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

























































