«Բարսելոնայի» և «Պարի Սեն Ժերմենի» նախկին հարձակվող Նեյմարը պատասխանել է այն հարցին, թե որ ակումբում է ցուցադրել իր կարիերայի լավագույն ֆուտբոլը։ Չնայած կատալոնական ակումբում նվաճած տիտղոսներին ու լեգենդար եռյակին, բրազիլացի աստղն իր կարիերայի գագաթնակետը համարում է Փարիզում անցկացրած տարիները։
Այս մասին ֆուտբոլիստը խոսել է հայտնի արգենտինացի բլոգեր Davoo Xeneize-ի YouTube-յան ալիքում հրապարակված տեսանյութում.
«Կարիերայիս լավագույն շրջանը եղել է «Պարի Սեն Ժերմենում», երբ նոր էի տեղափոխվել այդ ակումբ։ Ես գիտեմ, որ մարդիկ ինձ հիշում են «Բարսելոնայում» ունեցած ելույթներով, որտեղ մենք ձևավորել էինք MSN եռյակը (Մեսսի – Սուարես – Նեյմար – խմբ.), և այն ամենով, ինչին հասել եմ այդ թիմի հետ։ Սակայն կարծում եմ, որ Նեյմարի լավագույն տարբերակը եղել է «Պարի Սեն Ժերմենում»։
Այնտեղ ես համադրում էի ուժը, արագությունն ու ֆուտբոլային ինտելեկտը, ինչպես նաև սովորեցի նկատել խաղադաշտում կատարվող բոլոր մանրուքները։ Ինձ համար դա կարիերայիս լավագույն ժամանակահատվածն էր»,— նշել է բրազիլացին։
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» (որի կազմում 2015 թվականին դարձել էր Չեմպիոնների լիգայի հաղթող) ՊՍԺ տեղափոխվեց 2017 թվականի օգոստոսին՝ 25 տարեկան հասակում՝ ֆուտբոլի պատմության մեջ մինչ օրս ռեկորդային համարվող 222 միլիոն եվրոյի դիմաց։
Փարիզյան ակումբում անցկացրած 6 տարիների ընթացքում, չնայած հաճախակի վնասվածքներին, բրազիլացին մասնակցել է 173 հանդիպման և դարձել 118 գոլի հեղինակ։ Այդուհանդերձ, անգամ իր լավագույն մարզավիճակում գտնվող Նեյմարի օգնությամբ ՊՍԺ-ին չհաջողվեց նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը. փարիզյան ակումբն եվրոպական գլխավոր տիտղոսին հասավ միայն Լուիս Էնրիկեի գլխավորությամբ՝ 2023 թվականին Նեյմարի՝ 90 միլիոն եվրոյով Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» տեղափոխվելուց երկու տարի անց։
























































