Օլիմպիական կրակն այսօր առավոտյան Հունասատնից ինթնաթիռով բարեհաջող հասել է Ճապոնիա։
Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Տոկիո-2020 կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին, Ճապոնիայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Յասուխիրո Յամաշիտան, օլիմպիական մի քանի չեմպիոններ։
Կազմակերպիչները հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը հրաժարվել են նախապես մշակված դիմավորման տոնական սցենարից։
Յոշիրո Մորին հավաստիացրել է, որ Ճապոնիան կանի ամեն հնարավորը անվտանգ և հուսալի օլիմպիական խաղեր անցկացնելու համար։ Նա նաև ներողություն է խնդրել, որ միջոցառումն անցկացվում է համեստ, կրճատված ծրագրով։ Ողջույնի խոսք են ասել նաև օլիմպիական չեմպիոնները։
Մարտի 26-ին պետք է սկսվի կրակի փոխանցավազքը։ Երկրի իշխանությունները կոչ են արել վազքի ընթացքում զերծ մնալ մարդկանց կուտակումներից։ Միևնույն ժամանակ Ճապոնիան մնում է այն համոզմանը, որ խաղերը կանցկացվեն մարզական ոգով։
Հիշեցնենք, որ Տոկիոյին օլիմպիական կրակը փոխանցելու արարողությունը կայացավ մարտի 19-ին ՝ Աթենքի «Պանաթինայիկ» մարզադաշտում:
Հավելենք, որ 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը պետք է անցկացվեն Ճապոնիայի մայրաքաղաքում հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, բայց կորոնավիրուսը կարող է խանգարել այդ ծրագրերին: