Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի նախկին օգնական, այժմ Movistar Plus+ հեռուստաընկերության փորձագետ Գերման Բուրգոսի խոսքերին՝ ուղղված կապտանռնագույնների խաղացող Լամին Յամալին։
Ավելի վաղ Բուրգոսը եթերում ասել էր, որ եթե իսպանացին չկարողանա հաջողության հասնել ֆուտբոլում, կզբաղվի մուրացկանությամբ։
«Սա զզվելի է և դատապարտելի։ Լամինը լավ է, հանգիստ է, ուրախ։ Այս մասին այլևս խոսելու կարիք չկա»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Նշենք, որ այս խոսքերից հետո Գերման Բուրգոսին մեղադրեցին ռասիզմի մեջ։ Movistar Plus+ հեռուստաալիքը որոշել է աշխատանքից հեռացնել փորձագետին։
Հիշեցնենք, որ Յամալը 16 տարեկան է։ Նա կատալոնական թիմի սան է։ Այս մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանն ընդհանուր առմամբ մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 6 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
























































