«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքները։ Հիշեցնենք, որ անգլիական ակումբի մրցակիցը Մադրիդի «Ռեալն» է։
«Մենք այլ տարբերակ չունենք: Կարծես՝ փոքրիկ ավանդույթ է դարձել երեք տարի անընդմեջ խաղալ մրցաշարի արքաների հետ: Հուսով եմ՝ լավ վիճակով կմոտենանք խաղերին։ Վիճակահանությունը չի կարելի վերահսկել, եթե մարդիկ ասում են, որ հեշտ է, դա նրանից է, որ ցանկանում են խաթարել մրցակիցների վստահությունը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում One Football-ը:
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 9-ին և 10-ին։ Պատասխան խաղերը կկայանան ապրիլի 16-ին և 17-ին։ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը անգլիական «Մանչեսթեր Սիթին» է։ Նախորդ տարվա եզրափակիչում Պեպ Գվարդիոլայի թիմը իսպանացի կիսապաշտպան Ռոդրիի գոլի շնորհիվ հաղթեց «Ինտերին»: