Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է մադրիդցիների կիսապաշտպան Լուկա Մոդրիչի խաղը իսպանական Պրիմերայի հերթական տուրում՝ «Սևիլիայի» հետ խաղում։
Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է Մադրիդում՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Մոդրիչը հանդիպման հաղթական գոլը խփել է 81-րդ րոպեին։
«Մենք տոնեցինք Մոդրիչի գոլը, նա արժանի էր դրան։ Նա հիանալի գոլ խփեց ու մեծ ներդրում ունեցավ հաղթանակի մեջ, երբ մտավ խաղադաշտ։ Նրան պահեստայինների նստարանին թողնելը շատ դժվար է, նա ամեն օր օրինակ է ծառայում ամբողջ թիմին։ Նրա ապագան կախված է նրանից, թե ինչ է նա ցանկանում անել հաջորդ մրցաշրջանում։ Մնում է միայն սպասել նրա որոշմանը»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Այս պահին «Ռեալը» 65 միավորով միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ «Սևիլիան» իր հերթին 24 միավորով 16-րդ տեղում է։
























































