Իտալական Ա Սերիայի և Բ Սերիայի ակումբները ցանկանում են կրճատել կորոնավիրուսի պատճառով մրցաշրջանի դադարեցման արդյունքում կրած կորուստները՝ սառեցնելով ֆուտբոլիստների աշխատավարձերը: Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան «Թվիթերի» իր էջում:
Իտալիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունը դեմ է այս գաղափարին ու ցանկանում է, որ ֆուտբոլիստներն ամբողջ դադարի ընթացքում ստանան իրենց աշխատավարձերը՝ ամբողջական կարգով:
Դեռևս հայտնի չէ, թե Իտալիայում երբ կվերսկսվեն առաջնության խաղերը: Ավելի վաղ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միության նախագահ Դանմիանո Տոմազին կարծիք էր հայտնել, որ դադարը կարող է տևել մինչև մայիս:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը գրանցվել են Չինաստանում 2019 թվականի վերջին: Վերջին տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում այս համաճարակից արդեն ավելի քան 7 հազար մարդ է մահացել: