Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է իսպանական Պրիմերայի 24-րդ տուրի վերջին հանդիպման տպավորություններով, որում նրա սաները 4։0 հաշվով հաղթել են չեմպիոնության համար պայքարում իրենց անմիջական մրցակցին՝ «Ժիրոնային»։
«Այսօր շատ հաճելի էր տեխնիկական գոտում գտնվելը․ սա մեր լավագույն հանդիպումն էր այս մրցաշրջանում։ Մենք լավ հանդես եկանք թե՛ պաշտպանությունում, թե՛ գնդակին տիրապետելիս, ինչպես նաև անցումային փուլերում շատ խնդիրներ առաջացրինք մրցակցի համար։ Արտակարգ իրավիճակը, որը տեղի ունեցավ մեր պաշտպանների հետ, լրացուցիչ պաշտպանական պարտականություններ դրեց թիմի վրա»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 24 տուրից հետո «Ռեալը» վաստակել է 61 միավոր և զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ հինգ միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում ընթացող «Ժիրոնայից»։