«Չելսիի», «Յուվենտուսի» և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր ծառայություններն է առաջարկել կատալոնական «Բարսելոնային», որտեղից Չավին ամռանը կհեռանա։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ըստ աղբյուրի, կապտանռնագույնները դեռ ոչ մի քայլ չեն ձեռնարկել առաջարկին արձագանքելու համար։ Նշվում է, որ «Բարսելոնան» կարող է դիմել Կոնտեի թեկնածությանը, սակայն այս փուլում նա նույնիսկ այն մարզիչների կարճ ցուցակում չէ, որով հետաքրքրված է կատալոնական ակումբը։
Իր մարզչական կարիերայի ընթացքում Կոնտեն գլխավորել է «Չելսին», «Յուվենտուսը», «Ինտերը», «Ատալանտան», «Սիենան», «Բարին» և Իտալիայի հավաքականը։ Մասնագետի վերջին թիմը եղել է «Տոտենհեմը»։ Իտալացին լոնդոնյան ակումբից հեռացել է նախորդ տարվա մարտի վերջին։
«Բարսելոնան» այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Չավիի թիմը 23 տուրից հետո վաստակել է 50 միավոր։