Այսօր՝ փետրվարի 8-ին, պաշտոնապես ներկայացվել են Փարիզ – 2024 օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մեդալները։ Մեդալների հիմքում դրված է Փարիզի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակի երկաթից մի կտոր:
Միջոցառմանը ներկա են եղել պաշտոնյաներ, օլիմպիական և պարալիմպիկ խաղերի մեդալակիրներ, ինչպես նաև փարիզյան խաղերին մասնակցելու իրավունք ստացած մարզիկ –մարզուհիներ:
Մեդալների ձևավորմանը մասնակցել են Փարիզ — 2024 մարզիկների հանձնաժողովի անդամները ՝ օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն Մարտին Ֆուրկադի գլխավորությամբ և LVMH ոսկերչական տան ներկայացուցիչները:
Փարիզի դրամահատարանը արտադրել է 5084 մեդալ՝ 2600 օլիմպիական խաղերի և 2400 –ը պարալիմպիկի համար։ Սա, հավանաբար ավելին է, քան անհրաժեշտ է: Դրանցից մի քանիսը կպահվեն թանգարաններում: Նաև նարավոր է խաղերից հետո մեդալների վերաբաշխում տեղի ունենա:
Ոսկե մեդալները մաքուր ոսկուց չեն և կշռում են 529 գրամ: Դրանք պատրաստված են արծաթից ու պատված են 6 գրամ ոսկով։
Արծաթը կշռում է 525 գրամ, իսկ բրոնզը՝ 455 գրամ և իրենից ներկայացնում է պղնձի, անագի և ցինկի համաձուլվածք։
Մեդալների տրամագիծը 85 միլիմետր է, հաստությունը՝ 9,2 միլիմետր։ Դրանք կհանձնվեն Chaumet-ի մուգ կապույտ տուփով և Էյֆելյան աշտարակի սպասարկման ընկերության վկայականով, որի երկաթե մասերը վերցված են հուշարձանից։
Կազմակերպիչները չեն նշել մեդալների դրամական արժեքը։