«Բարսելոնայի» 35-ամյա հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ծրագրում է կարիերան շարունակել կատալոնական ակումբում, սակայն ֆուտբոլիստի համար կարևոր է, որ կապտանռնագույնների ղեկավարությունը կարողանա նրան ուժեղ սպորտային նախագիծ առաջարկել։ Այս մասին հաղորդում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Բարսելոնայի» ղեկավարները նաև ցանկություն են հայտնում թիմում պահել լեհ հարձակվողին առնվազն մինչև գործող պայմանագրի ավարտը, որը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Կատալոնական ակումբը նշում է Լևանդովսկու լավ ֆիզիկական պատրաստվածությունը և վնասվածքների ցածր մակարդակը:
Ընդգծվում է, որ եթե հարձակվողն ինքը «Բարսելոնայի» ղեկավարությանը տեղեկացնի այլ ակումբ տեղափոխվելու ցանկության մասին, նրանք չեն միջամտի՝ Լևանդովսկու նկատմամբ հարգանքից ելնելով։
Այս մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։