Իսպանական Պրիմերայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցել է «Ալավեսի» հետ և 3։1 հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպման հաշիվը խաղի 22-րդ րոպեին բացել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողը, ստանալով Գյունդողանի փոխանցումը, մեն-մենակ է դուրս եկել դարպասապահի դեմ և օգտագործել իր շանսը։ 49-րդ րոպեին արդեն գոլի հեղինակ է դարձել նաև Գյունդողանը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Սակայն ընդամենը երկու րոպե անց տանտերերը Սամու Օմորոդիոնի ջանքերով մեկ գնդակ հետ են բերել:
63-րդ րոպեին փոխարինման մտած Վիտոր Ռոկեն վերականգնել է կատալոնացիների՝ երկու գնդակի առավելությունը։
Նշենք նաև՝ 4 րոպե անց Ռոկեն զգուշացվել է դեղին քարտով, ապա ստացել է նաև երկրորդ զգուշացումն ու հեռացվել է խաղադաշտից։
«Բարսելոնան» այս հաղթանակից հետո 50 միավորով շարունակում է զբաղեցնել Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ «Ալավեսը» 26 միավորով 12-րդ տեղում է։