«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը վարձավճարով կտեղափոխվի Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը լիովին համաձայնեցրել են գործարքի բոլոր հիմնական պայմանները։ Հոլանդացի կիսապաշտպանը կմիանա Ֆրանկֆուրտին երկուշաբթի՝ հունվարի 1-ին: Մինչ այս ֆուտբոլիստը պետք է բուժզննում անցնի։
Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Այաքսից» 2020 թվականի ամռանը՝ 39 միլիոն եվրոյի դիմաց։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում բոլոր մրցաշարերում խաղացել է ընդամենը 23 րոպե։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 9 միլիոն եվրո։
Ավելի վաղ հաղորդվում էր գերմանական Բունդեսլիգայի մի քանի ակումբներից «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ այլ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին։