«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Նիկոլայ Ղազարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին` սկսած 17:00-ից` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորության արարողությունը` դեկտեմբերի 22-ին` ժամը 13:00-ին:
Նիկոլայ Ղազարյանը կյանքից հեռացել է դեկտեմբերի 19-ին՝ 76 տարեկանում:
Նիկոլայ Ղազարյանը միջազգային կարգի սպորտի վարպետ է, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: 2013 թվականի հոկտեմբերի 10-ին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: 1973 թվականին Երևանի «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր, 1971 և 1976 թվականներին՝ արծաթե մեդալակիր։ «Արարատ» ակումբի կազմում անցկացրել է 295 խաղ՝ դառնալով 67 գոլի հեղինակ։
Հանդես է եկել ԽՍՀՄ պատանեկան, երիտասարդական և օլիմպիական հավաքականներում։ 1992 թվականից Հայաստանի Հանրապետության նորաստեղծ Ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր անդամ էր: Եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին նախագահը՝ այն ղեկավարելով մինչև 1994 թվականը։