«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Դեյվիդ Բեքհեմը կիսվել է ամերիկյան ակումբում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի ապագայի վերաբերյալ իր կարծիքով։
«Ես ցանկանում եմ, որ նա մնա մեզ հետ, նրա կերպարը գրավում է խաղացողներին, բարձրացնում է ակումբի գրավչությունն ու հեղինակությունը: Ես ուզում եմ, որ նա օգնի զարգացնել ֆուտբոլը Միացյալ Նահանգներում: Կարծում եմ՝ նրան էլ կհետաքրքրի նման մարտահրավերը»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Մեսսիի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ամերիկյան ակումբի կազմում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը «Ինտեր Մայամիի» հետ նվաճել է Լիգայի գավաթը։
























































