«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը վերադարձել է մարզումներին և պատրաստ կլինի մասնակցել Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի` «Լիվերպուլի» հետ հանդիպմանը, հայտնում են ESPN-ի աղբյուրները։
Հարձակվողը կոճի վնասվածք է ստացել նոյեմբերի 16-ին Ֆարերյան կղզիների դեմ ընկերական խաղում։ Այդ պատճառով նա բաց է թողել Շոտլանդիայի հետ Եվրո-2024-ի ընտրական փուլի խաղը և լքել հավաքականի ճամբարը:
Հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ի երեկոյան, «Մանչեսթեր Սիթիի» սոցիալական ցանցերում հայտնվել է 23-ամյա Հոլանդի լուսանկարը՝ ակումբի բազայում մարզման ժամանակ։ Շաբաթվա սկզբից նա բուժում է անցնում ակումբում։
Ավելի վաղ Նորվեգիայի հավաքականի բժիշկը հայտնել էր, որ հարձակվողը շատ ուժեղ ցավեր է ունեցել։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ուրբաթ օրը նորվեգացի ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդի նախախաղային մամուլի ասուլիսում:
«Մանչեսթեր Սիթի» — «Լիվերպուլ» խաղը կկայանա նոյեմբերի 25-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին։ Թիմերը Պրեմիեր լիգայում զբաղեցնում են առաջին և երկրորդ տեղերը։
























































