Գանայի հավաքականի նախկին հարձակվող Ռաֆայել Դվամենան մահացել է 28 տարեկան հասակում՝ Ալբանիայի առաջնության հանդիպման ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո։ Այս մասին հայտնում է Գանայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։
Դվամենան «Էգնատիա» ակումբում հանդես էր գալիս 2023 թվականի հունվարից։ Ֆուտբոլիստը կորցրել է գիտակցությունը «Պարտիզանիի» դեմ խաղի 24-րդ րոպեին։
Դվամենան հոսպիտալացվել է և ավելի ուշ մահացել հիվանդանոցում։ Գանայի ֆուտբոլային ասոցիացիան նշել է, որ հարձակվողը սրտի կաթված է ստացել։
Դվամենան այս մրցաշրջանում «Էգնատիայի» կազմում անցկացրած 12 խաղում դարձել էր 12 գոլի հեղինակ։
Նախկինում նա հանդես է եկել ավստրիական մի շարք թիմերում, շվեյցարական «Ցյուրիխում», իսպանական «Լևանտեում» և «Սարագոսայում»: Դվամենան Գանայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է ութ հանդիպում և երկու գոլ խփել։























































