Լոնդոնի «Չելսիի» 19-ամյա անգլիացի հարձակվող Կալում Հադսոն-Օդոյին վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Չելսիի» անձնակազմը, որը վերջերս ֆուտբոլիստների հետ թեստ էր անցկացրել, հիմա կինքնամեկուսացվի: Սպասվում է, որ այն մարդիկ, ովքեր Կալումի հետ շփում են ունեցել, մոտ օրերս կվերադառնան աշխատանքի: Մարզումային կենտրոնի որոշակի հատված փակ կլինի:
Մարտի 9-ին Կալումի մոտ գրիպի նախանշաններ են ի հայտ եկել, և այդ ժամանակից ի վեր չի մասնակցել մարզումներին` անվտանգության նկատառումներից ելնելով: Մարտի 12-ին COVID-19-ի նրա թեստի պատասխանը դրական է եղել: Չնայած սրան, ֆուտբոլիստն իրեն լավ է զգում և հույս ունի հնարավորինս շուտ վերադառնալ մարզումներին:
«Մենք Կալումին շուտափույթ ապաքինում ենք մաղթում և անհամբերությամբ ենք սպասում նրան նորից մեր ակումբում տեսնելուն»,- ասվում է «Չելսիի» տարածած հաղորդագրության մեջ:
Ընթացիկ մրցաշրջանում Հադսոն-Օդոյին «Չելսիի» կազմում բոլոր մրցաշարերում 27 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: