Ա Սերիան հերթական անգամ վաճառել է Իտալիայի գավաթի հեռուստատեսային իրավունքները Mediaset-ին: Նոր պայմանագիրը կնքվել է երեք՝ 2024/25, 2025/26, 2026/27 թթ․ մրցաշրջանների համար։
Մրցաշարի հանդիպումները կհեռարձակվեն անվճար ալիքներով, իսկ յուրաքանչյուր խաղարկության համար հեռարձակողը կծախսի ընդհանուր առմամբ 58 մլն եվրո, ինչը 10 մլն-ով ավելի է, քան նախորդ պայմանագրով։
Ընկերությունը կցուցադրի նաև երկրի Սուպերգավաթը, որը նախատեսվում է անցկացնել նոր ձևաչափով՝ չորս ակումբների մասնակցությամբ։
Գավաթի և Սուպերգավաթի իրավունքների համար պայքարում Բեռլուսկոնիների ընտանիքի կողմից վերահսկվող կոնցեռնը առաջ է անցել RAI պետական հոլդինգից, որին պատկանում են Իտալիայի հավաքականի խաղերի ցուցադրման բացառիկ իրավունքները։























































