Ավստրալիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ երկիրը 2034 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու հայտ չի ներկայացնելու։
«Մենք ուսումնասիրել ենք ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության անցկացման հայտ ներկայացնելու հնարավորությունը և, հաշվի առնելով բոլոր գործոնները, եկել ենք այն եզրակացության, որ դա չանենք 2034 թվականի համար»,- ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հոկտեմբերի սկզբին ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ 2030 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի երեք մայրցամաքների վեց երկրներում։ Մրցաշարի հիմնական կազմակերպիչներն են Իսպանիան, Պորտուգալիան և Մարոկկոն, սակայն մրցաշարի առաջին հանդիպումները կանցկացվեն Հարավային Ամերիկայում՝ հյուրընկալելու են Ուրուգվայը, Արգենտինան և Պարագվայը։
























































