«Մոնցայի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Պապու Գոմեսը երկու տարով որակազրկվել է դոպինգի պատճառով։
Relevo-ի փոխանցմամբ՝ արգելված նյութը հայտնաբերվել է 2022 թվականի նոյեմբերին՝ Կատարում կայացած աշխարհի առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ։ Այնուհետև ֆուտբոլիստը խաղացել է «Սևիլիայում»:
Գոմեսի խոսքով՝ թեստից մի քանի օր առաջ ինքն իրեն վատ է զգացել և իր երեխաներից մեկի հազի դեմ նախատեսված օշարակ է խմել։ Նշվում է, որ WADA-ի կանոնների համաձայն՝ սա արդարացում չէ ֆուտբոլիստի համար։
35-ամյա արգենտինացին ընթացիկ մրցաշրջանում «Մոնցայի» կազմում անցկացրել է 2 հանդիպում։
























































