Արգենտինայի հավաքականի և իտալական «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է, թե ինչպես է թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյուն օգնել իրեն հայտնվել աշխարհի առաջնության համար Արգենտինայի ազգային հավաքականի կազմում։ Դիբալան անցած տարվա հոկտեմբերին «Լեչեի» հետ հանդիպման ժամանակ ազդրի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով աշխարհի առաջնության մեկնարկից քիչ առաջ բաց էր թողել մի քանի շաբաթ։
«Սկզբում վնասվածքի լրջությունը պարզ չէր: Երբ ես հանձնեցի անալիզները, և բժիշկներն ինձ ասացին վնասվածքի լրջության մասին, իրավիճակն ավելի պարզ դարձավ, իսկ հետո իմ աշխարհը փլուզվեց։ Բարդ պահ էր, բայց բժիշկն ինձ ասաց, որ վնասվածքն այնքան էլ ծանր չէ, հետո հասկացա, որ դեռ հնարավորություն ունեմ։ Ես ինքս ինձ ասացի, որ պետք է հանգիստ աշխատեմ։ Բժիշկներն ինձ շատ օգնեցին, և աստիճանաբար արդյունքները հայտնվեցին։
Հետո եկավ «Տորինոյի» դեմ խաղի օրը։ Ես ինձ լավ էի զգում, արդեն մարզվում էի թիմի հետ, և դրա համար էլ ասացի Մոուրինյուին. «Դու պետք է ինձ դաշտ դուրս բերես»։ «Այո, ես հասկանում եմ, որ դու ուզում ես խաղալ»,- եղավ նրա պատասխանը: Ինձ համար ամեն ինչ կախված էր այս հանդիպումից, ազգային հավաքականի մարզչական շտաբը պետք է տեսներ, որ ինձ մոտ ամեն ինչ լավ է։
Մոուրինյուն ինձ հարցրեց, թե որքան ժամանակ եմ ուզում խաղալ, ես ասացի՝ 20-30 րոպե: Մենք պարտվում էինք, և նա դեռ թույլ տվեց ինձ կես ժամ խաղալ։ Ես խաղացի և ինձ լավ էի զգում»,- Դիբալային է մեջբերում Football-italia-ն։