ՈւԵՖԱ-ն վերջնական որոշում է կայացրել Թուրինի «Յուվենտուսին» մեկ տարով հեռացնել բոլոր եվրոպական մրցաշարերից։ Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։
Այսպիսով, «Ծեր սինյորան» բաց կթողնի Կոնֆերենցիաների լիգայի 2023/2024 թթ. խաղարկությունը։ Բացի այդ, «Յուվենտուսը» կվճարի 20 միլիոն եվրոյի չափով տուգանք: Հիշեցնենք, որ եվրոպական մրցաշարից հեռացումը ՈւԵՖԱ-ի կողմից 2022 թվականի դեկտեմբերին սկսված հետաքննության արդյունքն էր՝ կապված ակումբի վիճելի հաշվեկշռի և ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման հետ:
Անցած մրցաշրջանում թուրինյան թիմը 62 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Բյանկոներիները պետք է հանդես գային Կոնֆերենցիաների լիգայի 2023/2024 թթ. խաղարկությունում։ Առաջնության ընթացքում «Յուվենտուսից» տասը միավոր էր հանվել։ Թիմը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից խմբային փուլում, ապա դուրս եկավ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ։ Իտալիայի գավաթի խաղարկությունում «Յուվենտուսը» նույնպես դուրս մնաց կիսաեզրափակչից։