Սաուդյան «Ալ-Հիլալը» լրջորեն է տրամադրված ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու առումով: Այս մասին հայտնում է լրագրող Ջեյմս Բենգն իր «Թվիթեր»-ում։
Աղբյուրի համաձայն՝ սաուդյան ակումբը պատրաստ է ֆրանսիացուն առաջարկել մեկ տարվա պայմանագիր՝ 700 միլիոն եվրո աշխատավարձով։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Հիլալը» ՊՍԺ-ին պաշտոնական առաջարկ է արել 24-ամյա Մբապեի տրանսֆերի համար 300 միլիոն եվրոյի դիմաց, ֆրանսիական ակումբը թույլ է տվել իր հարձակվողին բանակցություններ սկսել Սաուդյան Արաբիայի թիմ տեղափոխվելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Մբապեն հրաժարվել է երկարաձգել ՊՍԺ-ի հետ պայմանագիրը, ինչի պատճառով ակումբը ֆուտբոլիստին դուրս է թողել Ճապոնիայում կայանալիք նախամրցաշրջանային շրջագայության համար։ Մեկ տարուց հարձակվողը կարող է ազատ խաղացողի կարգավիճակ ստանալ ու անվճար հեռանալ փարիզեցիների թիմից:
























































