ՊՍԺ-ն որոշել է հարձակվող Կիլիան Մբապեին չտանել ճապոնական ուսումնամարզական հավաքին: Ակումբը կարծում է, որ խաղացողը, որի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի հունիսին, գաղտնի համաձայնություն ունի Մադրիդի «Ռեալի» հետ: Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Որոշման մասին խաղացողը տեղեկացվել է ՊՍժ-ի ընկերական խաղից հետո, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հուլիսի 21-ին, ՊՍԺ-ի բազայում։ Մբապեն գոլի հեղինակ էր դարձել այդ խաղում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիլիան Մբապեն արդեն համաձայնեցրել է «Ռեալի» հետ անձնական պայմանագրի պայմանները։ Ֆրանսիացի հարձակվողը Մադրիդում տարեկան կստանա 54 մլն եվրո:
Միևնույն ժամանակ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում ՊՍԺ-ից Մբապեի տրանսֆերի համար վճարել 180 միլիոն եվրոյից ավելի, ֆրանսիական ակումբն իր հերթին ցանկանում է ստանալ 180 միլիոն եվրո, ինչպես նաև մոտ 47 միլիոն եվրո՝ որպես բոնուսներ։ Այս հարցը կարող է խնդիր դառնալ բանակցություններում, սակայն ՊՍԺ-ն ստիպված կլինի այսպես թե այնպես վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի 2024 թվականին անվճար չկորցնի նրան։