Ֆրանսիական «Մարսելը» ազատ խաղացողի կարգավիճակում պայմանագիր է կնքել գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ: Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հայտնում է ֆրանսիական ակումբի մամուլի ծառայությունը։
«Միլանի» սան Պյեր-Էմերիկ Օբամեյանգն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ֆրանսիայի առաջնությունում, որտեղ հաջորդաբար խաղացել է «Դիժոնում», «Լիլում», «Մոնակոյում», այնուհետև «Սենտ-Էտյենում», որի կազմում 97 խաղում խփել է 41 գոլ։ Մասնավորապես, նա 2013 թվականին «Սենտ-Էտյենի» հետ նվաճել է Լիգայի գավաթը, միաժամանակ ստացել է Մարկ-Վիվյեն Ֆոի մրցանակը՝ որպես Ֆրանսիայի առաջնության լավագույն աֆրիկացի խաղացող։
2013 թվականին հարձակվողը պայմանագիր է կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Գերմանական ակումբում անցկացրած չորսուկես մրցաշրջանում գաբոնցին խփել է 141 գոլ և կատարել 36 գոլային փոխանցում։ Նա ճանաչվել է Բունդեսլիգայի 2015/2016 մրցաշրջանի լավագույն խաղացող, 2016/2017 թվականների առաջնության լավագույն ռմբարկու, և մինչ օրս մնում է դորտմունդցիների պատմության լավագույն արտասահմանցի ռմբարկուն։ Նա նաև երկու անգամ հաղթել է Գերմանիայի սուպերգավաթը և Գերմանիայի գավաթը։
2018 թվականի ձմռանը նա տեղափոխվեց «Արսենալ»։ Չորս տարվա ընթացքում հարձակվողը 92 գոլ է խփել «զինագործների» կազմում՝ նվաճելով Անգլիայի գավաթը և Պրեմիեր լիգայի 2018/2019 մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչումը։ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը 2022 թվականին «Բարսելոնայի» հետ կարողացել է հաղթել Իսպանիայի առաջնությունը, իսկ նույն տարվա ամռանը տեղափոխվել է «Չելսի»։
Պյեր-Էմերիկ Օբամեյանգը նաև Գաբոնի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 30 գոլով։ Նա 2015 թվականին ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն խաղացող և մոտ մեկ տասնամյակ (2011-2020) մշտապես եղել է Աֆրիկայի բոլոր աստղերի թիմի անդամ:
























































